ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Radar Armenia-ի հարցմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին։ Մասնավորապես՝ հետաքրքրվել էինք. «Կարո՞ղ եք մատնանշել, թե տեսականորեն և կամ գործնականում ի՞նչ զիջումներ նկատի ուներ ԱՄՆ պետդեպի խոսնակ Մեթյու Միլլերը՝ հայտարարելով երկու կողմից լուրջ փոխզիջումների մասին։ Օրինակ՝ ի՞նչ կարող է զիջել Հայաստանը, իսկ իր հերթին՝ Ադրբեջանը։
Հարցրել էինք նաև, թե ինչպե՞ս է ԱՄՆ կառավարությունը գնահատում մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությունները և ո՞րն է այն հիմնական խոչընդոտը, որի պատճառով խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել։
Ի պատասխան ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունից նշել են. «Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության համաձայնագրի մշակման գործում, և մենք վճռական ենք աջակցելու այդ գործընթացին: Խաղաղության ժամանակը հիմա է»: