Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն քննադատել է Խաղաղության եվրոպական հիմնադրամ կողմից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու որոշումը:
«Մենք վճռական բողոք ենք հայտնում Եվրոպական միության կողմից ընդունված որոշման դեմ և ակնկալում ենք թափանցիկ տեղեկատվություն տրամադրել այդ օգնության վերաբերյալ: Հայաստանին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և «Սեզար» ինքնագնաց հրետանային համակարգերով զինելու՝ Ֆրանսիայի ձեռնարկած քայլերից հետո այժմ Եվրամիությունը Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերելու որոշում է կայացրել: ԵՄ-ի այս որոշումը սխալ ենք համարում, այն գնահատում ենք որպես վտանգավոր քայլ, որն ուղղված է Հարավային Կովկասում լարվածության մեծացմանը»,- ասել է Հաջիզադեն:
Ըստ ադրբեջանցի պաշտոնյայի, Եվրամիությունը պետք է վերջ դնի այն քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինման և ռազմականացման քաղաքականությանը և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությանն ու համագործակցությանը այլընտրանք չկա: Հակառակ դեպքում ԵՄ-ն Հայաստանի հետ պետք է ստանձնի տարածաշրջանում ցանկացած հնարավոր ապակայունացման պատասխանատվությունը: