ԵՄ-ն առաջին անգամ Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին կտրամադրի 10 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետությանն աջակցելու համար տրամադրվելիք օգնության նպատակն է բարձրացնել Հայաստանի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունները և նպաստել ճգնաժամային և արտակարգ իրավիճակներում խաղաղ բնակչության պաշտպանության բարելավմանը:
Որոշումը կայացվել է Հայաստանի հետ ԵՄ գործընկերության շրջանակներում և հիմնված է ընդհանուր արժեքների վրա, ուղղված է Հայաստանում և Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանմանը։ Այն նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, արագացնել զինված ուժերի փոխգործունակությունը հետագայում երկրի կողմից միջազգային, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից կազմակերպված ռազմական առաքելություններին ու գործողություններին հնարավոր մասնակցության դեպքում։
Ըստ որոշման՝ աջակցությունը թույլ կտա գումարտակի չափով ստորաբաժանման համար ապահովել լիարժեք վրանային ճամբար:
«Հայաստանի հետ երկկողմ հարաբերություններում անվտանգությունը կարևոր տարր է։ Բարձր ներկայացուցիչը նշել է, որ ԵՄ-ն փոխադարձ շահագրգռվածություն ունի ավելի ընդլայնելու իր երկխոսությունը արտաքին և անվտանգության քաղաքականության վերաբերյալ՝ նաև դիտարկելով Հայաստանի ապագա մասնակցությունը ԵՄ-ի գլխավորած առաքելություններին և գործողություններին»,- ասել է ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունը ընդլայնելուն՝ հիմնված ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա և էլ ավելի ամրապնդելու հարաբերությունները բոլոր հարթություններում: Սա ներառում է արտաքին և անվտանգության քաղաքականության ոլորտում երկխոսության և համագործակցության ակտիվացում, որը ներառում է նաև անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականությունը»,- ասվում է ԵՄ խորհրդի տարածած մամլո հաղորդագրությունում։