Քաղաքական

Ամերիկացի քաղխորհրդատուն ՊՆ-ում խորհրդատվական աջակցությունը մտադիր է սկսել առաջիկա ամիսներին. «Ազատություն»

ԱՄՆ պետքարտուղարության քաղաքացիական խորհրդատուն մտադիր է խորհրդատվական աջակցությունը սկսել առաջիկա ամիսներին, «Ազատությանը» հայտնել են ԱՄՆ դեսպանատնից՝ պատասխանելով հարցին, թե կոնկերտ ե՞րբ է ԱՄՆ ներկայացուցիչը աշխատանքը սկսելու Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

Օրերս «Հետք»-ին տված հարցազրույցում ԱՄՆ փոխպետքարտուղար Ազրա Զեյան հայտնել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի Պաշտպանության նախարարությունում։

Դեսպանատնից պարզաբանել են, որ Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագրի խորհրդատուն չի ֆինանսավորվում ԱՄՆ բանակի կամ Պաշտպանության դեպարտամենտի կողմից։ Ֆինանսավորումն ապահովում է Պետքարտուղարությունը կողմից, և խորհրդատուն աջակցելու է Հայաստանի պաշտպանական հաստատությունների ամրապնդմանը։

«ԱՄՆ պետքարտուղարության Գլոբալ պաշտպանական բարեփոխումների ծրագիրն աշխարհով մեկ աջակցում է գործընկեր պետություններին առավել դիմակայուն, արդյունավետ ու հաշվետու անվտանգային հաստատությունների ձևավորման հարցում՝ ապահովելով ռազմավարական մակարդակի խորհրդատվական աջակցություն», - հայտնել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

Կոնկրետ որտե՞ղ է տեղակայվելու խորհրդատուն, արդյոք հենց Պաշտպանության նախարարությունում։ Դեսպանատան փոխանցմամբ՝ խորհրդատուն աշխատելու է Հայաստանում՝ «կանոնավոր աշխատանքային շփումներ ունենալով դեսպանության և Պաշտպանության նախարարության հետ»:

«Խորհրդատվական աջակցության միջոցով Միացյալ Նահանգները մտադիր է աջակցել Հայաստանին՝ անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, որն էլ իր հերթին կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- նշված է դեսպանատան գրավոր պատասխանում։

ԱՄՆ դեսպանատունը նաև ռազմական կցորդ ունի Հայաստանում։