Քաղաքական

Հունաստանի ՆԳ փոխնախարարը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին

Սալոնիկ կատարած աշխատանքային այցի ընթացքում Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է հյուսիսային Մակեդոնիայի և Թրակիայի շրջանների համար պատասխանատու Հունաստանի ներքին գործերի փոխնախարար Կոստանտինոս Գյուլեկասի հետ, հայտնում են դեսպանությունից։  

Հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը քննարկել է Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, ներկայացրել այս ուղղությամբ Սալոնիկում իր ունեցած հանդիպումների մանրամասները։ Դեսպանը նաև ներկայացրել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակը, Հայաստանի փորձերը դիվանագիտական ճանապարհով գտնելու լուծումներ, որոնք տարածաշրջանը կվերածեն համագործակցության, այլ ոչ` հակամարտության գոտու։

Կարևորվեց տարբեր ուղղություններով ոլորտային համագործակցություն ծավալելու անհրաժեշտությունը։ Հույն պաշտոնյան ընդգծեց, որ Սալոնիկի հայ համայնքը մեծ դերակատարություն ունի Հայաստանի հետ հարաբերությունները բարձր մակարդակի վրա պահելու և այն ավելի զարգացնելու գործում։

Կոստանտինոս Գյուլեկասը նաև իր զորակցությունն արտահայտեց Հայաստանին՝ իր դիվանագիտական նախաձեռնություններում։ 

Հանդիպմանը ներկա էր Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազյանը։