Քաղաքական

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատել է ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. «Ազատություն»

 

«Անդամ 27 երկրների հավանությունից հետո հարցը կփոխանցվի Եվրահանձնաժողովին, որն էլ կհայտարարի՝ կոնկրետ երբ են սկսում բանակցությունները և գործողությունների ինչ ծրագիր է դնում Երևանի առջև»,- բացատրում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիր Ռիկարդ Յոզվյակը։

Դա նշանակում է, որ կներկայացվեն կատարված քայլերի մասին ամենամյա զեկույցներ, որոնք կշարունակվեն մի քանի տարի։ Որոշ երկրների, օրինակ, Մոլդովայի դեպքում, պահանջվեց 3-ից 4 տարի, Վրաստանից՝ 5, Ուկրաինայից՝ 9։ Թուրքիայի հետ բանակցությունները 10 տարուց ավելի է դեռ շարունակվում են, այնպես որ ամեն մի երկիր տարբեր կերպ է անցնում այդ ճանապարհը։ Սա գործընթացի սկիզբն է, որն ավարտին հասցնելու համար ժամանակ կպահանջվի։

Հայաստանի հարցով այսօր ընդունվելիք որոշման մեջ նշվում է՝ վիզաների պահանջը կհանվի անհարժեշտ բոլոր չափանիշների լիարժեք բավարարման դեպքում միայն։

Բրյուսելից փոխանցում են «Ազատության» դիվանագիտական աղբյուրները։

Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ»

Ըստ Յոզվյակի՝ որպես կանոն, Բրյուսելն առաջադրում է չորս հիմնական պահանջ՝ սահմանների կառավարումից մինչև կազմակերպված հանցավորության ու կոռուպցիայի դեմ պայքար․ հիմնականում խոսքը ներքին խնդիրների մասին է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների, ապօրինի ներգաղթյալներին հետ ընդունելու, բայց նաև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության։

Սա հարյուրավոր էջերից բաղկացած ծավալուն պահանջների մի ցանկ է, որը Հայաստանը պետք է իրագործի, և դրա համար տարիներ կպահանջվեն։

Որպես կանոն, անհրաժեշտ գործողությունների այդ ծրագիրը կազմելու և ներկայացնելու համար, Յոզվյակի խոսքով, Բրյուսելից մոտ կես տարի է պահանջվում, բայց քանի որ հունիսին տեղի ունեցած Եվրախորհրդարանի ընտրություններից հետո նոր Եվրահանձնաժողով դեռ չի ձևավորվել, ակնկալվում է, որ Հայաստանի դեպքում պահանջների այդ ցանկը կներկայացվի կա՛մ այս տարեվերջին, կա՛մ մյուս տարվա սկզբին։ Դրանք լիարժեք իրագործելուց հետո Հայաստանը ևս մեկ կարևոր խոչընդոտ պետք է հաղթահարի։

«Այս հարցում վերջնական որոշում կայացնելու իրավունք ունի երկու կառույց․ մեկը Եվրախորհդարանն է, որտեղ Հայաստանն անհրաժեշտ աջակցություն ունի, երկրորդն՝ անդամ երկրները։ Բոլոր 27-ը պետք է միասին իրենց համաձայնությունը տան, ինչը միշտ չէ, որ հեշտ է, քանի որ հիմա Եվրոպայում շարժում է սկսվել ապօրինի ներգաղթի դեմ», - պարզաբանում է «Ազատություն» ռադիոկայանի Եվրոպայի հարցերով խմբագիրը։

Նրա փոխանցմամբ, երկու տարի առաջ Վրաստանին վիզաների ազատականացում տալուց հետո կան բողոքներ, որ հանցավոր խմբերն են օգտվում դրանից, կամ որ Վրաստանի քաղաքացիները գալիս են այդ ճանապարհով, հետո փորձում Եվրոպայում փախստականի կարգավիճակ ստանալ։ Ուստի կան մի քանի երկրներ, մասնավորապես, Շվեդիան, Նիդեռլանդները, Ավստրիան, մեղմ ասած, շատ զգուշավոր են հավելյալ երկրների վիզաներից ազատելու հարցում։

Այս պահին անարգել՝ առանց վիզայի Եվրամիություն մտնելու հնարավորությունից օգտվում է 60 երկիր․ պահանջը մեկն է՝այդ երկրի քաղաքացիները 180 օրվա ընթացքում առավելագույնն 90 օր կարող են անցկացնել շենգենյան գոտում։ Պահանջը շարունակաբար խախտելու, ինչպես նաև մյուս բարեփոխումները չշարունակելու դեպքում Բրյուսելը կարող է որոշումը վերանայել։

Կա նաև ազատականացումը դադարեցնելու մեխանիզմ, որն, օրինակ, հենց հիմա քննարկվում է Վրաստանի դեպքում, ասաց Յոզվյակը։

«Այսինքն, կարող եք ստանալ այդ արտոնությունը՝ տևական աշխատանքից հետո, կարող եք նաև կորցնել, և դա կարող է շատ արագ լինել։ Խոչընդոտները շատ են», - նշեց նա։

«ԵՄ անդամ անդամ երկրները կհաստատեն Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը»

Ի դեպ, այսօրվա խորհրդի նիստում Եվրամիության անդամ երկրները պաշտոնապես կհաստատեն նաև Հայաստանին Խաղաղության հիմնադրամից 10 միլիոն եվրո հատկացնելու առաջարկը, որով Միությունը ոչ մահաբեր զինատեսակներ ու սարքավորումներ է տրամադրում անվտանգության ու կայունության համար։

Հայաստանի դեպքում նախատեսվում է դաշտային մոդուլային ճամբար ստեղծել մեկ գումարտակի համար, որի կազմում կլինի նաև բժշկական օգնության ամբուլատորիա։

Թե՛ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու, թե՛ Խաղաղության հիմադրամից Հայաստանին օգնելու որոշումը կայացվում է Հայաստանի ու Եվրամիության միջև սերտ բանակցությունների ֆոնին։

«Այս որոշումները ցույց են տալիս, որ Հայաստանը մի փոքր ավելի է թեքվում դեպի Բրյուսել, բայց քննարկումներն անդամակցության մասին դեռ շատ վաղաժամ են։ Դիտարկենք հենց ձեր հարևանությամբ գտնվող երկրները, Վրաստանը՝ ստացել է առանց վիզայի ռեժիմ, Ասոցացված համաձայնագիր, անդամակցության թեկնածուի կարգավիճակ, բայց այդ ամենով հանդերձ՝ Եվրամիությանն անդամություն դառնալուն ավելի մոտ չեն, քան էին մի քանի տարի առաջ։ Նրանք փոքրիկ քայլեր են անում, ձեզնից մեծ ցատկեր կպահանջվեն», - ասաց Յոզվյակը։