Քաղաքական

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել՝ մաղթելով բարօրություն և խաղաղություն բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին և հարատևություն հայ-ֆրանսիական բարեկամությանը։

«Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատումը ու մեր երկրում ժողովրդավարության անշրջելիության երաշխավորումը: Այս համատեքստում բարձր ենք գնահատում Ֆրանսիայի հետևողական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև խաղաղության օրակարգին և լայնածավալ բարեփոխումներին:

Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր մեզ հաջողվել է ձևավորել սերտ քաղաքական երկխոսություն, տնտեսական ամուր կապեր և կայուն համագործակցություն փոխադարձ հետաքրքրություն պարունակող բոլոր ոլորտներում»,,-նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Այդ մասին հայտնում են Կառավարությունից։