Քաղաքական

«Սահմանազատման գործընթացի ավարտին հայկական տարածքները վերադարձվելու են ՀՀ-ին». Արշակյան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին անդրադառնալիս ընդգծել է, որ Հայաստանն ունի քաղաքական կշիռ, ֆիզիկական սահմաններ, որոնցով պետք է անցնեն ապաշրջափակված տրանսպորտային ուղղությունները. «Եթե Հայաստանն ունենա կամք, տեղի կունենա, եթե չունենա կամք, տեղի չի ունենա։ Չեմ կարծուն, թե ՀՀ հետ ուժի լեզվով խոսելը լավ միտք է»։ Ըստ նրա՝ խաղաղությունը չի կարող պարտադրված լինել. «Եթե բալանսի խախտում լինի, չի կարող երկարաժամետ լինել»։

Սահմանազատման հանձնաժողովի մասին խոսելիս նա ասել է, որ աշխատում են բնականոն ռեժիմով. «Գործընթացի սառեցում չկա․ աշխատանքային ռեժիմով շարունակվում է»։ 

Արշակյանը նաև վստահեցրել է, որ սահմանազատման գործընթացի ավարտին հայկական բոլոր տարածքները վերադարձվելու են Հայաստանին. «Պրոցեսը 100% իրականացվելու դեպքում հայկական բոլոր տարածքները ետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական տարածքներն էլ անցնելու են Ադրբեջանին: Եթե միտված ենք ունենալ դելիմիտացված տարածք ու երկարաժամկետ խաղաղություն, չենք կարող ֆրագմենտալ նայել։ Եթե ֆրագմենտալ նայեցինք, դա չի կարող որևէ կառուցողական բանի բերել»։

Իսկ թե որքանով է համոզված, որ գործընթացն ամբողջական կլինի, նա ասել է. «Դրական է իմ տպավորությունը, կարծում եմ՝ աշխատանքները տեղի են ունենում»։