Քաղաքական

Դեսպանը վստահեցրել է, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յոնին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

Կարեւորելով հայ-չինական հարաբերությունների շարունակական խորացման գործընթացը՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին այդ հարցում ունեցած ավանդի համար: Դեսպան Ֆան Յոնն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին արդյունավետ փոխգործակցության եւ համագործակցության համար ու վստահեցրել, որ հայ-չինական հարաբերությունները ճիշտ ուղու վրա են, եւ դրանց զարգացումը շատ կարեւոր է Չինաստանի համար:

Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության:

Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին, տարածաշրջանային խնդիրներին եւ հայ-չինական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր: