Հուլիսի 10-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանն իր հավատարմագրերն է հանձնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին։
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Հայաստանի միջև համագործակցության ընդլայնման հեռանկարներին, ինչպես նաև կազմակերպության առաջնայնություններին առնչվող մի շարք հարցեր։ ՀՀ մշտական ներկայացուցիչը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամակցության շրջանակում Հայաստանի կողմից ստանձնած հանձնառությունների կյանքի կոչման և կազմակերպության ծրագրային առաջնայնությունների իրականացման ուղղությամբ շարունակական ջանքերի գործադրման պատրաստակամությունը։
Անդրադառնալով մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից իրականացվող նախաձեռնություններին՝ ՀՀ մշտական ներկայացուցիչը գլխավոր տնօրենի ուշադրությունն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային ժառանգությանը սպառնացող վտանգներին և ընդգծել դրանք հասցեագրելու հարցում ՅՈՒՆԵՍԿՕ-ից ակնկալվող գործուն քայլերի կարևորությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն շնորհավորել է ՀՀ մշտական ներկայացուցչին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով պատասխանատու առաքելության իրականացման գործում: