Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 9-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:
Նա ողջունել է պատվիրակության այցը ՀՀ Ազգային ժողով և նշել, որ նման այցերը կարևոր են երկու խորհրդարանների միջև առկա համագործակցությունը խորացնելու տեսանկյունից:
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերություններից՝ ԱԺ նախագահն ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս արժեքային և ամուր գործընկերությանը Նիդերլանդների հետ՝ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի:
Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությանը ներկայացնելով ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ Ալեն Սիմոնյանը կրկին հայտնել է ՀՀ հավատարմությունը խաղաղության օրակարգին և Ադրբեջանի հետ հարաբերությունների շուտափույթ կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենադարձությանը, Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը և Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը վերաբերող հարցերին: