Քաղաքական

Հայաստանը բարձր է գնահատում Նիդերլանդների աջակցությունը

Հուլիսի 8-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Նիդերլանդների Թագավորության Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությանը:

Կողմերը գոհունակությամբ ընդգծել են Հայաստանի և Նիդերլանդների միջև երկկողմ հարաբերությունների ներկա բարձր մակարդակն ու քաղաքական երկխոսության դինամիկան՝ երկուստեք կարևորելով միջխորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: 

Պարույր Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների խորհրդարանի կողմից Հայաստանի համար առաջնահերթություն ներկայացնող հարցերի վերաբերյալ ընդունված բանաձևերի և միջնորդությունների համար: Շեշտվել է նաև, որ Հայաստանը բարձր է գնահատում նիդերլանդական կողմի շարունակական աջակցությունը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին:

Նախարարի տեղակալն իր գործընկերներին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու Հայաստանի տեսլականը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և սահմանազատման ու խաղաղության պայմանագրի կնքման գործընթացների վերջին զարգացումներին: 

Զրուցակիցները քննարկել են հայ-նիդերլանդական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ և անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերությանը: