Քաղաքական

«Մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առիթով.

«Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Այսօր՝ հուլիսի 5-ին նշում ենք Սահմանադրության օրը: Սահմանադրությունն ընդունված է կոչել նաև մայր օրենք կամ հիմնական օրենք: Մայր օրենք կոչում են, որովհետև Սահմանադրություն ունեցող ցանկացած երկրում օրենքները պիտի բխեն հենց նրանից, սնվեն, կերակրվեն Սահմանադրության թեզերից, հայեցակարգերից ու դրույթներից:

Սահմանադրությունը հիմնական օրենք կոչում են, որովհետև ժողովրդապետական կամ ժողովրդավարական երկրներում դա միակ կամ այն քիչ օրենքներից է, որ սովորաբար ընդունվում է համաժողովրդական քվեարկության միջոցով, այսինքն՝ այս պարագայում ժողովուրդն է «կողմ» կամ «դեմ» քվեարկում օրենքին, ժողովուրդն է քվեարկությամբ ընդունում կամ մերժում այդ մայր կամ հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը:

Այսպիսի իրավակարգավորումներ են գործում նաև Հայաստանի Հանրապետությունում, այսինքն՝ մեր երկրում քաղաքացիների ամբողջություն ժողովուրդն է հանդես գալիս սահմանադիրի դերում: Ինչո՞ւ է այսպես և ո՞րն է սրա տրամաբանությունը: Սահմանադրություն ընդունելով և Սահմանադրության օգտին քվեարկելով՝ քաղաքացին և քաղաքացիների հավաքականություն ժողովուրդը նախ հայտարարում է, որ ստանձնում է պետություն ունենալու պատասխանատվությունը, պատրաստ է կրել այդ պատասխանատվությունը:

Իսկ բուն Սահմանադրության տեքստում ժողովուրդն արտահայտում է իր պատկերացումը, թե ինչպիսին է պատկերացնում այդ պետությունը, նրա կառավարումը, ինչպիսին պետք է լինի այն ընդհանուր առմամբ և ինչ նախագիծ կյանքի կոչելու վրա ենք աշխատելու բոլորով:

Եվ երրորդ՝ ոչ պակաս կարևոր հանգամանքն այն է, որ քաղաքացիները Սահմանադրության տեքստում պիտի արձանագրեն իրենց հիմնադրած և կառուցած պետության մեջ իրենց ապրելու կանոնները՝ քաղաքացի-պետություն հարաբեությունների, քաղաքացի-օրենք հարաբերությունների, քաղաքացի-քաղաքացի հարաբերությունների, մարդ-մարդ հարաբերությունների, մարդ-բնություն հարաբերությունների կանոնները:

Սահմանադրությունը, ըստ այդմ, քաղաքացիների հավաքական պայմանավորվածությունն է սեփական երկրում ապրելու կանոնների, իրավունքների և պարտականությունների մասին: Ինքնիշխան բառը, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, հենց այստեղից է ծագում: Ինքնիշխանը նա է, ով որոշում է տվյալ երկրում ապրելու կանոնները: Մեր երկրում ժողովուրդն է ինքնիշխան ևայդպես է ոչ միայն դե յուրե, այլև 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից հետո՝ նաև դե ֆակտո: Եվ այս փաստի հետ է, որ խորը սոցիալ-հոգեբանական կոնֆլիկտի մեջ է մեր գործող Սահմանադրությունը:

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում:

Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, և տվյալ պահին խոսում եմ ոչ այնքան տեքստային նորության, որքան դրա ստեղծման և ընդունման մեթոդի նորության մասին: Մեզ պետք է նոր Սահմանադրություն, որը ժողովուրդը համարի իր ստեղծածը, իր ընդունածը, համարի, որ այն, ինչ նրանում գրված է՝ իր պատկերացումն է իր ստեղծած պետության և այդ պետության մեջ մարդկանց, քաղաքացիների հարաբերությունների մասին:

Մեզ պետք է Սահմանադրություն, որն օրգանական կապով կապված է սահմանադիրի՝ ժողովրդի հետ:

Այս թեման հիմա շատ է շահարկվում թե՛ ներքին, և թե՛ արտաքին դաշտում: Բայց մենք անշեղորեն պիտի շարունակենք մեր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, ուժեղացնելու, ինստիտուցիոնալ, հոգեբանական ու ֆիզիկական առումով նրան անխոցելի դարձնելու մեր ճանապարհը: Սա դժվար, բայց պատվաբեր ճանապարհ է ու մենք ընթանում ենք ճիշտ ճանապարհով, բայց այդ ճանապարհն անցնելու համար մեզ պետք է կենտրոնանալ մի կոնկրետ խնդրի՝ Հայաստանի Հանրապետության պետական շահը սպասարկելու վրա, որովհետև Հայաստանի Հանրապետության պետական շահը ինքնիշխանի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի շահն է, Իրական Հայաստանում ապրող իրական մարդկանց շահը, որոնք Հայաստանի Հանրապետությունը ստեղծել են որպես գործիք իր միջազգայնորեն ճանաչված տարածքում իրենց ազատությունը, բարեկեցությունը, երջանկությունը, անվտանգությունն ապահովելու համար, արդար միջավայր ձևավորելու համար և մենք չպետք է շեղվենք այս նպատակից:

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Շնորհավորում եմ բոլորիս հուլիսի 5-ի՝ Սահմանադրության օրվա առիթով:

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»: