Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում կառավարության անունից շնորհավորական ուղերձ է հղել: Փոխվարչապետն իր շնորհավորական խոսքում խաղաղություն, բարօրություն և առաջընթաց է մաղթել Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին:
«Այս առանձնահատուկ օրը հնարավորություն է տալիս վերստին արժևորելու ժողովրդավարության այն գաղափարները, որ հիմնադիր հայրերը դրել էին Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում: Եվ այսօր մեր ամերիկյան բարեկամների հետ տոնում ենք այս նշանակալի օրը՝ վերահաստատելով Հայաստանի հանձնառությունը այդ ընդհանուր ժողովրդավարական արժեքներին»,- նշել է փոխվարչապետը:
Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեփոխումների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության զարգացմանը և դիմակայունության բարձրացմանն ուղղված՝ ԱՄՆ շարունակական աջակցության համար:
«Կայուն ժողովրդավարության կայացման կարևորագույն նախապայմաններից է խաղաղությունը: Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատումը: Այս համատեքստում մենք բարձր ենք գնահատում ամերիկյան կողմի հետևողական ջանքերը՝ միտված խաղաղության օրակարգի կյանքի կոչմանը: Կարևորում ենք նաև Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը սատարող ԱՄՆ-ի հասցեական հայտարարությունները»,- նշել է փոխվարչապետը: