Քաղաքական

Վարչապետն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուին:

Վարչապետը նշել է, որ որպես հուլիսի 1-ից Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ստանձնած երկիրը՝ Հայաստանը, կարևորում է անդամ պետությունների միջև համագործակցության հետևողական զարգացումը տնտեսության տարբեր ոլորտներում:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է կազմակերպության դերը տարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման գործում և հավելել, որ ՀՀ կառավարությունը շահագրգիռ է տրանսպորտի, էներգետիկայի, հեռահաղորդակցության և այլ ուղղություններով կապերի ընդլայնմամբ:

Լազար Կոմանեսկուի խոսքով՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել ՀՀ կառավարության գործընկերների հետ՝ կազմակերպության նախագահության ընթացքում առաջնահերթությունները նախանշելու և դրանք կյանքի կոչելու ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, Հայաստանում իրականացվող Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքի, տարածաշրջանային տնտեսական համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: