Քաղաքական

Արման Բաբաջանյանը ԵՄ դրոշ է կախել ԱԺ ամբիոնից․ նաև ռուսական կալոշ բերել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը «Հայաստանի` ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» լսումների ժամանակ խորհրդարանի ամբիոնին ԵՄ դրոշն է տեղադրել, իսկ վրան՝ կոշիկ։

«Հիշո՞ւմ եք այս կալոշը։ Սա խորհրդանշում է մեր փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև՝ արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որ մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում։ Էս տոքսիկ, թունավոր միջավայրից մեզ ազատում է պետք, և երկրորդ կարծիք չի կարող լինել։ Սա պետք է ուղղակի շպրտվի մեր իրականությունից, և ես հույս ունեմ, որ մենք հենց դրա շուրջ էլ քննարկում ենք ծավալում»,- ասել է նա` կոչ անելով վճռական գործողությունների դիմել։ Նա նաև ԵՄ դրոշն է փակցրել ԱԺ ամբիոնին՝ ասելով. «Որպեսզի պատկերավոր լինի քննարկումը, կուզեմ այս դրոշի ներքո անցկացնենք քննարկումները։ Կարծում եմ՝ շատ ավելի գեղեցիկ և պատկերավոր կլինի։ Էս էլ կալոշը»։

ԱԺ եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նկատել է, որ ԱԺ-ում Հայաստանի դրոշը պետք է լինի. «Մնացածը քննարկումների և դրա լուծումների արդյունք է»։