Քաղաքական

«Փորձ է արվել իրագործել երկրորդ «նոյեմբերի 9», հաջողության պարագայում՝ երկրորդ «հոկտեմբերի 27». Կոնջորյան

«Տհաճ է, որ ընդդիմությունն իր կանոնների համաձայն խրոխտ խոսեց և գնաց»,- ասել է ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հայտարարություններին։

Նա նշել է, թե Հայաստան խմբակցությունը երեկ հանդես էր եկել տրոյական ձիու կարգավիճակով. «Իրենց շարժման առաջնորդ հռչակված՝ նեռի՝ վեղարով ներկայացուցիչը երեկ այդ դեպքերից մի քանի ժամ առաջ Բաղրամյան փողոցում խոսում էր ներքին թշնամիների մասին՝ մատնացույց անելով ու նկատի ունենալով մեզ»։

Նա նշել է, որ ոստիկանության նկատմամբ բռնություն ու հարձակում է եղել։ Նա ահաբեկչության փորձ է որակել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությունները, թե իրենք փնտրում են վարչապետին։ Նա հիշեցրել է, որ 2020թ. նոյեմբերի 9-ին էլ նույն «խառնամբոխը՝ նույն շեֆերի ուղղորդմամբ», փորձում էր գտնել վարչապետին ու հաշվեհարդար տեսնել․ «Նույն բանը՝ նույն խոսույթով, նույ ղեկավար կազմի միջոցով տեղի էր ունենում երեկ»,- ասել է նա՝ հավելելով,- «Նույն մարդկանց կատարմամբ երեկ փորձ էր արվում իրագործել երկրորդ «նոյեմբերի 9», իսկ հաջողության պարագայում՝ երկրորդ «հոկտեմբերի 27»։