Քաղաքական

«Կաթողիկոսի և Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից հարձակում է եղել ոստիկանների վրա». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկվա իրադարձություններին՝ նշելով.

«Ամենայն հայոց կաթողիկոսի և Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցների կողմից տեղի է ունեցել հարձակում ոստիկանների վրա։ Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ և պրոֆեսիոնալ, և նմանատիպ բոլոր դեպքերում ոստիկանությունը գործելու է նույնկերպ։ Ցուցարարները փորձել են բռնությամբ ճեղքել ոստիկանության շղթան, որ հարձակում գործեն երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի վրա։ Ոստիկանությունը պաշտպանել է օրենսդիր ինստիտուտը, պաշտպանել է պետականությունը։ Ընդ որում, եպիսկոպոսի կոչում ունեցող մեկը, հարձակումից որոշ ժամանակ առաջ դիմելով ոստիկաններին, ասել է, թե՝ տղաներ հանեք ձեր սաղավարտները, որովհետև ձեզ ոչինչ չի սպառնում։ Որոշ ժամանակ անց այդ տղաների ուղղությամբ քարանետում է կազմակերպել այդ նույն մարդը։ Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ, ցավոք, հայ առաքելական եկեղեցու երկու բարձրաստիճան պաշտոնյաների բարոյական նկարագրի մասին»։

Վարչապետը նշել է, որ զանգվածային անկարգության սադրիչները պետք է պատասխանատվության ենթարկվեն. «Խղճահարության վրա օրինականություն չի կարելի կառուցել, խղճահարության վրա իրավակարգ չի կարելի կառուցել, պետություն չի կարելի կառուցել»։

Փաշինյանն ասել է, որ չեն եղել և չեն լինի թույլ իշխանություն. «Մենք կլինենք և կանք սիրող, կարեկցող, օգնող, աջակցող, հանդուրժող, բայց ոչ երբեք՝ թույլ իշխանություն, որոհվետև թույլ իշխանությունն աղետ է պետության համար»։