Քաղաքական

Հայաստանի նախագահ․ «Ոստիկանները ստիպված էին անել գործողություններ»

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է հունիսի 12-ին ԱԺ շենքի մոտ տեղի ունեցած միջադեպին․ 

«Ամեն ինչ պետք է տեղի ունենա իրավական դաշտում, օրենքի շրջանակներում, և մենք շատ անգամներ զգուշացրել ենք մարդկանց, որոնք կազմակերպել են միտինգները` զե՛րծ մնացեք ավելորդ լարվածությունից, առավել ևս, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ օրինազանցություն մի՛ արեք, բայց, ցավոք սրտի, իրենց պահվածքն այլ էր, և ոստիկանները, ուժային կառույցները ստիպված էին անել այն գործողությունը, որը պարտավոր էին անել»,–ասել է նա։ Խաչատուրյանը վստահեցրել է, որ իշխանությունը, օրենսդիր և գործադիր մարմինները հակված չեն որևէ քաղաքացու վիճակը վատացնելու, ավելորդ խնդիրներ ունենալու և ուժով կարգի հրավիրելու․

«Իմ խնդրանքն է, որ մարդիկ մեզ և ոստիկանությանն այդպիսի իրավիճակի առաջ չդնեն։ Մենք, որպես ժողովրդավարական երկիր, ուզում ենք` ամեն ինչ տեղի ունենա օրենքի շրջանակում։ Ցավոք սրտի, այսօրվա միտինգի կազմակերպիչները լրիվ այլ տրամաբանության մեջ են աշխատում։ Իրենց չի բավարարում, որ երկրում վիճակը խաղաղ է»։