ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ընթերցել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ 2018թ․ ֆեյսբուքյան գրառումը՝ որոշ փոփոխություններով, որտեղ նա կոչ էր անում. «Ինչով էլ ավարտվի այս իրավիճակը, դու քեզ տրամադրիր գնալուն»։
Պատասխանելով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, թե կարևոր է՝ քանի տոկոս են կազմում փոփոխությունները. «Տոկոսների հետ պետք չի խաղ անել։ Եթե 1-2% փոփոխություն եք արել տեքստի մեջ ու համարում եք՝ մեծ չէ, հիշեցնեմ՝ մարդու և օրանգուտան կապիկի ԴՆԹ-ի տարբերությունը ընդամենը 2% է»։
Վարչապետը նաև ասել է. «Ինձ սիրում են, թե չեն սիրում, կարևորն այն է, որ ես եմ սիրում, և կարևորն այն է, որ ես սիրում եմ նաև բոլոր ինձ չսիրողներին, և ինձ բոլոր չսիրողներին սիրելու իրավունք ու հնարավորություն ինձ տալիս է մի քաղաքական երևույթ, որ կոչվում է լեգիտիմություն»։
Վարդանյանի արձագանքին, թե՝ «հողը ամոթ ունի, հողը ձեզ չի ընդունի», վարչապետը հակադարձել է. «Ես Հիսուս Քրիստոսի նման հարություն առնելու հավակնություններ չունեմ, շնորհակալ եմ, որ նման հնարավորությունը չեք բացառում»։