ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե սահմանազատման գործընթացի վերաբերյալ կա թյուրըմբռնում. «Երբ ասում եք՝ Ադրբեջանը պահանջեց․․․ Ինչ տեղի է ունենում․ սահմանազատման գործընթացը հավասարապես մեր կառավարության նախաձեռնությունն է՝ արձանագրելու Հայաստանի ինքնիշխան տարածքը։ Ես դա ասել եմ եթե ոչ շատ ուղիղ, առնվազն՝ անուղղակի մի քանի անգամ»։
Ըստ Փաշինյանի՝ սահմանազատման գործընթացում էականորեն հաշվի է առնված Ոսկեպարի բնակչության տեսակետները. «Մենք նաև Բերքաբերի ժողովրդի հետ ենք խոսել, որովհետև այստեղ որոշակի ընկալումների տարբերություններ կան, և իրականացրել ենք այդ տրամաբանությամբ»։
Ըստ վարչապետի՝ եթե ճանաչվի երկրների տարածքային ամբողջականությունը, մյուս բոլոր հարցերը, այդ թվում՝ տարածաշրջանային ուղիների ապաշրջափակումը, կլուծվեն․ «Ձեր տրամաբանությունն այն է, որ խաղաղության պայմանագիրը լինի, հետո մնացած ամեն ինչ։ Կարող է հակառակն էլ լինել։ Կարող է իրական խաղաղություն ձևավորվել կոնկրետ, պրակտիկ գործողություններով, որի արդյունքներով ձևակերպվի խաղաղության պայմանագիրը։ Բայց մեր ընկալումն այն է, որ պետք է լինի խաղաղության պայմանագիր»,- ասել է նա՝ հավելելով, որ խնդիրը, որ ուզում են լուծել, բարդ է ու բազմաշերտ, հետևաբար, դասագրքային մոտեցումներով հնարավոր չէ առաջ գնալ. «Բայց, մյուս կողմից էլ, համաձայն եմ, որ պետք է սկզբունքները ֆիքսել և պահել»։