Քաղաքական

«Երբևէ չեմ մտածել, որ վիրավորանքներն ու սպառնալիքները ձեր կողմից դիտավորյալ են կազմակերպված». Դանիելյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարել է, որ երկիրը իրար վիրավորելով ոչ մի տեղ չի հասնում. «Էդ որ ասում եք՝ լափամանից օգտվող ծաղրածուներ, դուք ձեզ տեսե՞լ եք։ Դուք ձեզ հարց տվե՞լ եք»։

Ալեն Սիմոնյանը կոչ արեց ավելի զուսպ լինել. «Խնդրում եմ Ձեզ՝ հանգիստ և չափի մեջ։ Բոլորիս եմ խնդրում»։

Գառնիկ Դանիելյանը, շարունակելով ելույթը, նշել է, որ այս օրերին իր ու ընտանիքի հասցեին վիրավորանքներ ու սպառնալիքներ են հնչել. «Բայց ես երբևէ չեմ մտածել, որ դա ձեր կողմից դիտավորյալ կազմակերպված բան է։ Բայց դուք գալիս, այս ամբիոնից ասում եք, որ դա կազմակերպված է»։

Դանիելյանն ասել է, թե ինքը պայքարի է դուրս եկել հանուն Հայաստանի և խոսել ու ասել է այն ամենը, ինչ սրտից է բխում. «Ինձ համար մանդատն էլ, այստեղ նստելն էլ, աթոռն էլ բացարձակ արժեք չունի․ իմ պետությունից, երկրից ավելի թանկ չեն»։