Քաղաքական

«Մեր կողմից պատրաստ ենք արագ ամբողջացնել խաղաղության պայմանագիրը». Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, թե մոտ են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի տեքստը վերջնականացնելու․ «Մենք մեր կողմից պատրաստ ենք շատ արագ ամբողջացնել այն և ստորագրել»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե այսօր չեն ստորագրում, նշանակում է՝ դեռ չեն ամբողջացնել։

Ռուբինյանի խոսքով՝ հայկական կողմի դիրքորոշումները չեն փոխվել. «Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում մեր դիրքորոշումն այն է, որ այդ ենթակառուցվածքները ապաշրջափակվեն կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների ներքո։ Ընդհանուր առմամբ, սա է մեր դիրքորոշումը, և սա` անկախ խաղաղության պայմանագրի համատեքստից: Ընդհանրապես, ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ մեր դիրքորոշումը սա է: Տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ հայկական և ադրբեջանական կողմերն ունեն համաձայնություն, որը ֆիքսվել է 2022թ․՝ Պրահայում, այնուհետև՝ Սոչիում, այնուհետև՝ Բրյուսելում, այնուհետև՝ վերջերս տեղի ունեցած՝ փոխվարչապետների ղեկավարած սահմանազատման հանձնաժողովների նիստերի ընթացքում արձանագրված համաձայնության համատեքստում»։

Ռուբինյանը խաղաղության գործընթացի «տորպեդահարում» է անվանել Ադրբեջանի ղեկավարության վերջին հայտարարությունները. «Եթե ադրբեջանական կողմից լինի կառուցողական մոտեցում, խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր եմ համարում հենց վաղը»։