Քաղաքական

Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՄԱԿ բանաձևին կողմ քվեարկելու համար. Վրաստանի դեսպան

Ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել ՄԱԿ բանաձևին կողմ քվեարկելու համար. Վրաստանի դեսպան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին:

«Այս առիթն օգտագործելով ցանկանում եմ, նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ ի ցույց են դնում այն, թե ինչպես պետք է հարևան երկրները միմյանց հետ փոխհարաբերվեն: Հենց այսօր էլ ականատեսն ենք, թե ինչպես են վրացի բարեկամներն ու գործընկերները մեզ հետ ձեռք ձեռքի տված վերականգնում՝ Տավուշի և Լոռու մարզերում տեղի ունեցած աղետի հետևանքով վնասված երկաթուղին: Մեր հարաբերությունները նաև այսպիսի փոքր դրվագներով են ձևավորվել և շարունակում են նույն կերպ զարգանալ:

Բարեկամական կապերը տարեցտարի ավելի են ամրապնդվում, և ես ուրախ եմ, որ այս տարվա հունվարից մեր երկրների միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը, ինչը նշանակում է, որ արդեն պետական մակարդակով հարաբերությունների նոր մակարդակի ենք հասել և այդ տրամաբանության մեջ էլ շարունակվելու մեր համատեղ գործակցությունը՝ քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հայաստանում Վրաստանի դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար: «Ինչպես նշեցիք մեր հարաբերություններն, իհարկե, դարերի պատմություն ունեն: Շատ ուրախ եմ, որ մեր այս եղբայրությունը ռազմավարական գործընկերության մակարդակ ձեռք բերեց, երբ հունվարին Հայաստանի և Վրաստանի միջև ստորագրվեց ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիրը:

Ցանկանում եմ նաև իմ կառավարության անունից առանձնահատուկ շնորհակալություն հայտնել հունիսի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի Աբխազիա և Ցխինվալի շրջան/Հարավային Օսիայից բոլոր տեղահանված անձանց և փախստականների վերադարձի իրավունքի մասին բանաձևին կողմ քվեարկելու համար: Սա մեզ համար շատ կարևոր է»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հարևան երկրների միջև գործակցության օրակարգային հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի հոբելյաններին նվիրված միջոցառումների կարևորությանը:

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է երկու երկրների միջև առևտրաշրջանառության և տուրիստական փոխայցելությունների շարունակական աճ: Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական ամենաբարձր մակարդակի պարբերական փոխայցելությունները:

Մտքեր են փոխանակվել հարավկովկասյան հանրապետությունների միջև սահմանազատման բնականոն գործընթացի կարևորության վերաբերյալ: Այս համատեքստում շեշտվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման ուղղությամբ քայլերի խթանման անհրաժեշտությունը՝ հիմնված երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության հիմնարար իրավունքների և սկզբունքների վրա:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական