Քաղաքական

«Հայաստանը երեխայի նաիվությամբ հավատացել է ՌԴ-ին». Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանի ԱԳՆ-ի փոխարեն չի պատրաստում դա մեկնաբանել․

«Ոչ բարեկամական գործողությունների մասով թող 2020 թվից հետո իրենց գործողությունները նայեն: Հայաստանը մշտապես հավատարիմ գործընկեր է պահել: Երեխայի նաիվությամբ հավատացել է, հույս է ունեցել մինչև վերջին պահը, որ ՌԴ-ն իրեն մենակ չի թողնի, չի «գցի»: Հայաստանին ու հայ ժողովրդին Ռուսաստանի իշխանությունը «գցել է»՝ հազար ներողություն այս բառի համար: Բայց ուզում եմ հստակ լինի՝ մեզ խաբել են, թողել են միայնակ:

Ես թեթև զարմանքով ու նախանձով էի նայում, թե ինչպես Իսրայելի ուղղությամբ հազարավոր հրթիռներ գնացին, թե ինչպես նավատորմ մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել այդ հրթիռները, որ ընկնում էին Իսրայելի վրա: Ինքնաթիռներ բարձրացան Կիպրոսից և սկսեցին Իսրայելին օգնել որպես դաշնակից: Ես չգիտեմ նման դեպք 44-օրվա ընթացքում, էլ չեմ խոսում այն մասին, թե արդյո՞ք արժեր թույլ տալ, որ այդ պատերազմը լիներ, արդյո՞ք ՌԴ-ն 2020-ին այդքան թույլ էր, որ թույլ տվեց, որ մտնեն՝ մեր երեխեքին կոտորեն: Արդյո՞ք Կասպից ծովում մի հատ նավ չկար, որ մի քիչ մոտ գար Ադրբեջանին: Կա՞ր, թե՞ չկար: Էլ չեմ խոսում այն մասին, որ ամբողջ պատերազմի ընթացքում մենք նաիվ երեխաների պես հույս ունեինք, որ ինչ-որ բան ինչ-որ ձևով կարող ենք կանգնեցնել, բոլոր հնարավոր տարբերակները փորձել ենք, և նույնիսկ պատերազմից հետո՝ շատ երկար  ժամանակ, ի հեճուկս նրա, որ հայտարարվել է, որ դա Ադրբեջանի տարածք է։ Իհարկե, միջազգայնորեն դա Ադրբեջանի տարածք է, և, ի հեճուկս դրա, մենք շարունակել ենք ամեն ինչ անել, որ կանգնեցնենք այդ պրոցեսը: Եվ Ռուսաստանն այլընտրանք Հայաստանին, քան ինքնուրույն փորձել իրեն պաշտպանե:

Հիմա այդ փորձը ներկայացնել որպես ոչ դրական, ոչ բարիդրացիական վերաբերմունք, արդար չէ: Այսինքն, մենք պետք է գնայինք՝ ոչնչանայի՞նք, որ ինքն ասեր, թե պլանն էլ հենց դա էր»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին՝ ինչո՞ւ Ռուսաստանը Հայաստանին մենակ թողեց, Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Որովհետև Ուկրաինայի պատերազմի նախապատրաստում էր գնում, և Սիրիայում ինքնաթիռ խփելուց հետո մեծ գործարք տեղի ունեցավ, որի վերջնանպատակն էր այս տարածաշրջանում ունենալ հնարավոր սանկցիաները շրջանցելու հնարավորություն՝ գործարք Թուրքիայի հետ։ Կամ գին էր, որ հայերը պետք է վճարեին, որովհետև հայերն ընտրել էին անկախ, ինքնիշխան լինելու տարբերակը, և դրա համար պետք է պատժվեին, որ ընտրություն չունենան։ Հայերը պետք է պատժվեն, որ ընտրություն չունենան, որ այստեղի նախագահը զանգեր՝ ասեր, դե ես եմ ընտրվում, այնտեղից շնորհավորեին, ու ինքը այստեղ դառնար լեգիտիմ նախագահ, որ «մարտի 1»-եր անեին»:

Ըստ նրա՝ եղել է և գործարք և պատիժ. «Նպատակը եղել է մեկ կրակոցով երկու նապաստակ խփելը: Այսինքն, գործարք անել, ստանալ այդ հաբը, որը հիմա Ադրբեջանը և Թուրքիան են հանդիսանում, իսկ Հայաստանում գինը եղել է այն, որ իշխանություն կփոխվի, կգա ռուսամետ իշխանություն և կասի՝ նախկինները, որն այդ ժամանակ մենք կլինեինք, մեղավոր են, Հայաստանը պետք է լինի Ռուսաստան-Բելառուս միության անդամ, որովհետև մենք այլ ձևով, բացի ռուսների հետ լինելն է, անվտանգ չենք կարող լինել։ Մեր մեղքը այն է, որ մենք ասում ենք՝ ոչ, մենք պետություն ենք, ազգ ենք և պետք է ինքնիշխան լինենք»: