Քաղաքական

«ՄԽ հետ կապված խոսակցություն կարող է լինել խաղաղության պայմանգիր կնքելուց հետո». ԱԺ նախագահ

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու համատեղ քայլեր անելու մասին հայտարարությանը․

«Հայաստանն իր կողմից այդ քայլերն իրականացնում է, և այդ քայլը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքումն է»,- ասել է նա՝ հավելելով․ «Մինսկի խմբի հետ կապված խոսակցություն կարող է լինել խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո։ Երբ խաղաղության պայմանագիր է կնքվում, դրա իմաստը կորչում է։ Չէ՞ որ նույն Ադրբեջանն է ասում, թե իբր մենք ինչ-որ նկրտումներ, պահանջներ ունենք։ Խաղաղության պայմանագիր կկնքենք, հարցը դուրս կգա։ Կարծում եմ՝ դրա կարիքն էլ չի լինի։ Ես ուղղակի չեմ հասկանում՝ ինչու, երբ ամեն անգամ մենք մոտ ենք, համաձայնություններ ենք ունենում, Ալիևը փորձում է հարվածել խաղաղության գործընթացին»։

Ըստ նրա՝ հիմա խաղաղության պայմանագրի այն փուլն է, երբ բոլոր կետերը, որոնք խնդրահարույց են եղել երկու կողմի համար, մեծամասամբ ունեն պատասխան. «Ես դեռ անցյալ տարի եմ ասել՝ քաղաքական կամքի առկայության պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը։ Բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ, օրինակ, հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին»։