Քաղաքական

ՀՀ-ն ապավինում է Սլովենիայի աջակցությանը

Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիա-Հայաստան բարեկամական խմբի և Սլովենիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Սլովենիա բարեկամական խմբի անդամ Լենա Նազարյանը:

Երկուստեք կարևորվել է բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցության դերը Հայաստան-Սլովենիա հարաբերությունների ընդլայնման հարցում:

Անդրադառնալով Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին` հայկական պատվիրակությունը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում և նշել, որ ՀՀ-ն ապավինում է Սլովենիայի աջակցությանը միջազգային հարթակներում` Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում:

Քննարկվել են միջխորհրդարանական կապերի ընդլայնմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաեւ անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում եւ Եվրոպայում: