Քաղաքական

«Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը»․ Սլովենիա փոխվարչապետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Սլովենիա կատարած պաշտոնական այցի շրջանակում հունիսի 4-ին հանդիպել է Սլովենիայի փոխվարչապետ, Արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնի հետ:

«Գոհունակությամբ եմ նշում, որ Հայաստանի և Սլովենիայի համագործակցությունը քայլ առ քայլ առաջ է ընթանում: Անցած տարիներին կանոնավոր շփումներ են իրականացվել նախարարությունների, դեսպանատների մակարդակով, ակտիվ փոխանակումներ կրթության, գիտության, մշակույթի, առողջապահության և շատ այլ ոլորտներում»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Անդրադառնալով միջազգային կազմակերպությունների շրջանակներում Հայաստանի և Սլովենիայի համագործակցությանը՝ Ալեն Սիմոնյանը երկու երկրների փոխգործակցությունը գնահատել է արդյունավետ:

«Մենք անհամբեր սպասում ենք մոտ ապագայում ԵՄ-ի հետ ընդլայնված գործընկերության նոր առաջնահերթությունների հեռանկարների վերաբերյալ առարկայական քննարկումներ սկսելուն»,- հավելել է խորհրդարանի ղեկավարը:

Զրուցակիցները քննարկել են անվտանգային իրավիճակը Հարավային Կովկասում և Եվրոպայում, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը, Հայաստան-ԵՄ փոխգործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաեւ Հայաստան-Սլովենիա երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր: Կարևորվել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Տանյա Ֆայոնը նշել է. «Մենք տեսնում ենք Հայաստանի կառուցողական մոտեցումը Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում»: