Քաղաքական

«Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, ի՞նչ նկատի ունեք». Միրզոյանը՝ ընդդիմադիրներին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է արցախահայերի՝ ԼՂ վերադարձի մասին ընդդիմադիրների հայտարարություններին․

«Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, խնդրում եմ, մարդկայնորեն խնդրում եմ մանրամասնել՝ ինչ նկատի ունեք «ԼՂ վերադարձ» ասելով, մասնավորապես, կենտրոնանալով հետևյալ նրբերանգների, ենթաքայլերի կամ քայլերի վրա. ի՞նչ պայմաններում ենք ուզում և, որպես պատասխանատու քաղաքական ուժ, առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան։

Արդյո՞ք դա էն պայմաններն են, որ պատրաստ է և առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը՝ մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն, որ կար 2019-ին։ Պատրա՞ստ եք արդյոք սա անել առնվազն 4 հազար զոհի գնով։

Դուք առաջարկ արեք հանրությանը։ Մեզ քննադատում եք՝ լավ եք անում, ձեր իրավունքն է։ Բա դուք ի՞նչ եք առաջարկում։ Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞, ոնց ձեր հերթական վարչապետի թեկնածուն է ասում, զինվորականները պետք է մեռնեն, էդ էլ իրենց գործն է։ Էդ էլ է մոտեցում, բայց էդ դեպքում ո՞նց եք ասում՝ 5 հազար զոհ տվեցիք, դրա համար մեղավոր եք»,- ասել է նա։

Ավելի ուշ իր արձագանքի մեջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, թե վերադարձը դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան, այլ ոչ թե ռազմական գործողություններով. «Այո, միջազգային իրավունքի և երաշխիքների ներքո արցախահայությունը, արցախի ժողովուրդը հետ վերադառնալու, իր հայրենիքում, իր պատմական, արմատներով, հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»։

Միրզոյանն էլ արձագանքեց. «Ինչ ուզում էի՝ լսեցի, ասացիք՝ ԼՂ ինքնավարություն։ Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին, այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա։ Երբ ԼՂ-ում հայեր կային և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողն անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան, թրքաբարո»։