Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սխալ է համարել Բաքվի հետ սահմանազատման վերաբերյալ առանց միջնորդների բանակցություններ վարելը։
Ըստ նրա, եթե լինեին միջնորդներ, ապա ամեն բան այլ կլիներ․ «Կլիներ հստակ դիրքորոշում, մենք էլ հստակ ինֆորմացիա կունենայինք, թե ինչի հիման վրա են անում այդ դելիմիտացիան։ Մեկ ասում էին՝ 76թ․ քարտեզ, հետո ասին՝ չէ․ որևէ մեկը տեսե՞լ է էդ քարտեզը։ Եթե իրենց արարքում անընդունելի բան չկա, ինչու՞ չեն բացում էդ ամենը։ Մենք մեր ժամանակ բանակցային պրոցեսի մասին 90%-ով ասում էինք։ Ինչու՞ են հիմա գաղտագողի անում»։
Նրա խոսքով, ժամանակին Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև 4-5 տարի բանակցություններ են ընթացել, նաև՝ սահմանազատումներ։ Հայաստանի կողմից աշխատանքները ղեկավարել է Վլ․ Մովսիսյանը․ «Փաստաթղթերը կան, թեև մեր պատգամավորների հարցումներին մեկ պատասխանում են, որ չկա, մեկ ասում են՝ գաղտնիության գրիֆն է խստացել։ Գաղտնիության ի՞նչ խնդիր կա։ Միակ գաղտնիքն այն կարող է լինել, որ շեղում կա այդ փաստաթղթերից, որը մեզ օգուտ չէ։ Բացի դրանից, ունեինք (էլի ունենք) օրենք, որ գաղտնիության մակարդակ սահմանում է և դեպի վեր, և դեպի ցած։ Բա ինչի՞ են գաղտնիության մակարդակը բարձրացրել»։
Ս.Սարգսյանը նշել է, թե «կապիտուլացված իշխանությունը չի կարող բանակցություն վարել»։
Հարցին՝ նոր իշխանությունը կհանի՞ «ապօրինի» սահմանասյուները, Սարգսյանը պատասխանել է, որ դա չափազանց բարդ կլինի․ «Լուծումներ կան, բայց դրանց մասին չխոսենք։ Նոր իշխանությունները, վստահ եմ, կարողանալու են հարցը ապօրինի ճանապարհից բերել օրինական դաշտ, իհարկե, խաղաղ ճանապարհով»։