Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի թողնվել սահմանից այն կողմ, այսօր Կիրանցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև, էլի ասում եմ, մենք հիմա ոչ թե նոր սահման ենք գծում, այլ մենք վերարտադրում ենք Խորհրդային Միության փլուզման պահին դե յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանը: Այս նախադասությունից ոչ մի բառ ո՛չ կարելի է ավելացնել, ո՛չ կարելի է պակասեցնել, և մենք գնում ենք այդ տրամաբանությամբ»,- նշել է Փաշինյանը:
Վարչապետը նշել է, որ այս պահին կանոնակարգը կընդունվի, և Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովները կորոշեն, թե ինչ հերթականությամբ է իրականացվելու սահմանազատումը։
«Խաղաղության պայմանագրի շուրջ որոշակի խնդիրներ կան, աշխատանքները շարունակվում են և պետք է ավելի մանրամասն աշխատանք իրականացվի, հարցը լուծվի։ Վերջին ամիսների ընթացքում մի քանի անգամ բարձրագույն մակարդակով պաշտոնական Բաքվից եղել է հայտարարություն և արձանագրում, որ հավատարիմ են Պրահայի պայմանավորվածություններին և Ալմա-Աթայի հռչակագրին»,- նշել է Փաշինյանը։
Դիտարկմանը, որ հիմնական մտահոգությունն անվտանգության հետ է կապված՝ կոնկրետ Կիրանցում, գյուղի բնակիչների համար երաշխիքներ ստեղծվո՞ւմ են, վարչապետն արձագանքել է․ «Այո՛, մենք հիմա երաշխիքներն ստեղծում ենք։ Մենք հիմա սյուն առ սյուն ստեղծում ենք այդ անվտանգության երաշխիքը: Այս հատվածում բացի ճանապարհից նաև այլ անվտանգային կոնստրուկցիա կկառուցվի, գուցե, չի բացառվում, որ մենք պատ կառուցենք այստեղ։ Բայց ես ուզում եմ էլի ձեր ուշադրությունը հրավիրեմ այն փաստին, որ ժամանակակից աշխարհում դելիմիտացված սահմանից, լեգիտիմությունից ավելի գործուն երաշխիք գոյություն չունի»,- նշել է Փաշինյանը: