ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե Բաքվի հետ քննարկվում է Ալմա Աթայի հռչակագրի մասին դրույթը նաև խաղաղության պայմանագրում ամրագրելու հարցը, սակայն դեռ համաձայնություն չկա։
«Ալմա-Աթայի հռչակագրի նշումով մի քանի հայտարարություն կա Ադրբեջանի կողմից, նաև՝ նախագահի մակարդակով։ Կա նկարագրությունն այն ամենի, ինչ մասին խոսում ենք, և պայմանագրի շրջանակում այդ խոսակցությունը շարունակվում է։ Դա քննարկվող թեմաներից մեկն է այս փուլում, բայց դեռ համաձայնություն չկա․ քննարկումները շարունակվում են», - ասել է նա։
Ինչ վերաբերում է կոմունիկացիաներին, Սիմոնյանի խոսքով՝ հայկական կողմն իր դիրքորոշումները բազմիցս ներկայացրել է և դրանց շրջանակներում բանակցում է հարևան պետության ներկայացուցիչների հետ. «Հասկանալով և պատրաստ լինելով այդ քննարկումը շարունակել մնացած բոլոր մակարդակներում՝ կարևորում ենք բոլոր կոմունիկացիաների բացման գաղափարը, որն արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Հայաստանը շարունակում է այդ աշխատանքները։ Լիահույս եմ, որ մենք կհաջողենք»։