Քաղաքական

«Պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին». Վիզլեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը ելույթ է ունեցել Ազգային ժողովում։ Նա ասել է, թե ԼՂ-ից հայ բնակչության տեղահանությունից հետո ծանր սրտով է դիմում պատգամավորներին․ «Որպես մարդասիրական արժեքների և հիմնարար իրավունքների երաշխավորներ՝ չենք կարող այս տառապանքին անտարբեր մնալ»,- ասել է նա։ 

Վիզլերի խոսքով՝ իրենք աջակցում են խաղաղությանն ու կայունությանը. «Վճռական ենք՝ կանգնել ձեր կողքին խաղաղության հասնելու ճանապարհին։ Մենք ցանկանում ենք շեշտել մեր նվիրվածությունը Ալմա Աթայի 1991թ․ հռչակագրին, որով Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձորեն կճանաչեն մեկը մյուսի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, և սա կբերի խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում»։ 

Վիզլերը նաև ասել է, որ պահանջում են Բաքվից ազատ արձակել ռազմագերիներին. «Եկեք խոչընդոտները վերացնելու համար գործադրենք մեր բոլոր ջանքերը: Դրա համար մենք անհապաղ պահանջում ենք, որ Բաքուն անմիջապես ազատ արձակի բոլոր ռազմագերիներին և համապարփակ տեղեկություն տրամադրի անհայտ կորած անձանց մասին: Արդարությունը և մարդասիրությունը պահանջում են, որ այս անձինք ազատ լինեն՝ առանց որևէ հետաձգման, և սա պահանջ է, որ ընտանիքները ստանան պատասխաններ, որոնց նրանք արժանի են»,- ասել է նա։