Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր եղել է Կիրանց գյուղում։ Վերադառնալով այնտեղից՝ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ մարդիկ քաջալերված են. «Մարդիկ ասացին՝ մինչև վերջ գնացեք, ոչ մի տեղ չկանգնեք, մենք էլ ձեր թիկունքին ենք։ Այն մարդիկ, որոնք այսօր արտասվում են։ Այդ արցունքներին պետք է պատասխան տրվի, այդ արցունքները չեն կարող հենց այնպես անցնել»։
Նրա խոսքով՝ այս «արհավիրքն ու աղետը» պետք է կանգնի։ Նա նշել է, թե գյուղն իր ճանաչած գյուղը չէր. «Կյանքն էր փոխվել․ երբ մտանք գյուղ, կարծես ուրվականների քաղաք լիներ, ուրվականների գյուղ, ուրվականների տարածք․ մարդ չկար գյուղում»։
Ըստ նրա՝ մարդիկ երբ իմացել են, որ ինքը գյուղում է, միանգամից հավաքվել են. «Այս աղետը պետք է կանգնի»։
Նա անդրադարձել է իր գլխավորած շարժմանը՝ ասելով, թե պայքարն ունի օրակարգ, ծրագիր, և դրանով էլ շարժվում է։
Բագրատ արքեպիսկոպոսը հայտարարել է, որ վերադառնում են Երևան։