«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ԵՊՀ բակում դասախոսություն է անցկացրել։
Նա կոչ է արել պայքարի՝ նշելով. «Այսօր է վճռվելու վաղը, չհոգնեք, խնդրում եմ, ներգրավվեք ավելի ակտիվ: Առաջիկայում կհայտարարվի՝ ինչ ենք անելու, ինչպես ենք անելու, ինչ ճանապարհով ենք գնալու․ յուրաքանչյուրն ինչ գործառույթ ունի անելու»:
Ըստ նրա՝ հասարակությանը ներշնչում են, որ նա անտարբեր է, և դա որևէ գործողություն չանելու արդարացում է. «Դա թունավորում է մեզ: Սա ինքնարդարացում է, որ ասենք՝ ես ուզում էի, բայց էս ժողովուրդն այնքան անտարբեր է, որ անհնար է որևէ բան անել: Բայց դու դեռ քայլ էլ չես արել»:
Թեմի առաջնորդի խոսքով՝ պետք է ոչ թե քաղաքացիական հասարակություն ստեղծելու մասին մտածել, այլ՝ բարոյական հասարակություն. «Քաղաքացիական հասարակությունը ձեր աչքի առաջ քանդվել է։ Պատրաստվեք, լավ պատրաստվեք ձեր հաղթանակին, որը կոչվում է՝ թող բարձրանա ճշմարտության կողմը»,- ասել է նա։