Քաղաքական

«Եթե ՌԴ-ն փաստ ունի, թող հրապարակայնացնի»․ Գրիգորյան

ՌԴ-ին առաջարկել ենք սահմանապահներին դուրս բերել «Զվարթնոց» օդանավակայանից, ՀՀ-Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետից, Սիսիանի և Գորիսի բազաներից։ ՌԴ-ն ընդունել է առաջարկը, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Նրանք հարցրել են՝ արդյոք ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններից նույնպե՞ս ուզում եք դուրս գանք։ Ասել ենք, որ սրանք պայմանագրային են և իրենց հետ դա չենք քննարկում»,- ասել է Գրիգորյանը։

Հարցին, թե ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, թե ԵՄ դիտորդական առաքելությունը գործում է Հայաստանի հարևանների դեմ և վարում է բացահայտ սադրիչ գործունեություն, Գրիգորյանը պատասխանել է․ «ՌԴ-ՀՀ հարաբերությունների կոնտեքստով չեմ հասկանում, թե ինչու են ընդհանուր խնդիրները փորձում տարածաշրջայնացնել՝ Իրանին Թուրքիային, Ադրբեջանին ներգրավվելով։

ՌԴ վարգագիծն այս առումով անհասկանալի է։ ՌԴ-ՀՀ հարաբերությունները չեն քննարկում, փորձում են 3-րդ երկրներ ներգրավվել և ՀՀ-ին ասել՝ խնդիր կա։ Եթե ՌԴ-ն փաստ ունի, որ ԵՄ դիտորդական առաքելությունն իր մանդատից դուրս որևէ գործողություն է կատարել, թող հրապարակայնացնեն։ Անհասկանալի է, թե ինչու են ԵՄ առաքելությունն օգտագործելով փորձում խնդիրներ ստեղծել»։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն պնմդմանը, թե Արևմուտքը չի արձագանքում ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերի ժամանակ ձերբակալություններին, Գրիգորյանը նշել է, որ ՀՀ-ում ցույցեր են կազմակերպվում, օրինական դաշտում նրանք ամբողջովին ազատ են, բայց ինչը դրանից դուրս է՝ ոստիկանությունը գործողություններ է իրականացնում։

«Գուցե ՌԴ-ն իր նե՞րսը նայի, իր ներքին խոհանո՞ցը քննարկի։ Սա ՌԴ-ին չի վերաբերվում, կամ կարող է վերաբերվում է ինչ-որ ձևով, դրա համար են արձագանքում, թող ուղիղ ասեն, խոսեն»,- ասել է ԱԽ քարտուղարը։