Քաղաքական

Միրզոյանը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ: Զրուցակիցները քննարկել են Եվրոպայի խորհրդի շրջանակներում ՀՀ ներգրավածությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատավել ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող քայլերին։

«ՀՀ կառավարությունը հատուկ ուշադրություն է հատկացնում ժողովրդավարական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ անզիջում պայքարին և անկախ դատական համակարգի ամրապնդմանը, և Եվրոպայի խորհուրդն, իր հերթին, կարևոր նպաստ է բերում այս ուղղությամբ առաջընթացի ապահովմանը»,- ասել է Միրզոյանը։ 

Նա հավելել է, որ ՀՀ ժողովրդավարական բարեփոխումներն ու տարածաշրջանում խաղաղության հասնելուն միտված ջանքերը փոխկապակցված են. ինքնիշխան, ժողովրդավար պետության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ հարգանքի, միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների պահպանման միջոցով է հնարավոր հասնել հարատև խաղաղության։

ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հարավային Կովկասում կայունության ապահովմանն ուղղված Հայաստանի ջանքերը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին՝ նախարար Միրզոյանը վկայակոչել է երկու երկրների ղեկավարների մակարդակով արտահայտված դիրքորոշումը, որով վերահաստատվում է 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

Նախարար Միրզոյանը շեշտել է, որ ՀՀ-ն ունի հարաբերությունների կարգավորման ամուր քաղաքական կամք և դրա լիարժեք փոխադարձման պարագայում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի հարցերի։ Այս համատեքստում հիշատակվել են նաև ԵԽԽՎ կողմից ընդունված բանաձևերը և ընդգծվել է դրանց կյանքի կոչման կարևորությունը։