Քաղաքական

«Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել»․ Արմեն Գրիգորյան

Սահմանազատման գործընթացի հերթական փուլը հաջող է անցել։ Հայաստանի տարածքից որևէ միլիմետր հող չի հանձնվել, Հանրայինի եթերում հայտարարել է ՀՀ անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը։ 

«Իրականության մեջ մենք ստանում ենք այն, ինչ Հայաստանինն է և սահման ենք գծում։ Սա հնարավորությունների մեջ լավագույն հնարավորությունով լուծումն է։  

Գազատարն անցնում է ՀՀ տարածքով, նման խնդիր չունենք։ Կիրանցում ճանապարհի մասով լուծումներ ունենք։ Այս պահին ճանապարհի խնդիր չկա, երկարաժամկետ ինչ խնդիրներ էլ լինեն, լուծելու ենք։ Կիրանցում 4 շինություն կա, որոնք 1976թ․ քարտեզով չեն մնում ՀՀ-ին՝ մեկը տուն է, երկրորդը կացարան, երրորդը չաշխատող խանութ-վագոն, չորրորդը ավտոտնակ»,- նշել է Գրիգորյանը։

Պատասխանելով հարցին՝ մտավախություն չկա, թե Ադրբեջանը կարող է խախտել պայմանավորվածությունները, ինչպես նոյեմբերի 9-ի պարագայում է, Գրիգորյանը պատասխանել է․ «Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը որոշակի առանձնահատկություններ ուներ, կար ՌԴ-ի մասնակցությունն ակտին։ ՌԴ-ն երբ սկսեց 2022թ․-ից այլ գործողություններով զբաղվել, մեր տարածաշրջանում այլ արդյունք ստացվեց»։