Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպմանը․
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն։ Ինչու․ երկու պատճառով։ Առաջինը․ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար։ Երկրորդը․ մեր հանրապետությունն, անկախությունից ի վեր առաջին անգամ, ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և շնորհակալություն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ԱԽ բոլոր անդամներին և կառավարության նիստի ներկաներին։
Նա կարևորել է այն հանգամանքը, որ վերահաստատվել են եղած սահմանները. «Մեզ համար սկզբունքային էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծելու, այլ նախկինում Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց տեղի ունենա»,- ասել է նա:
Վարչապետը նաև ասել է, որ եթե էսկալացիոն կոնտեքստը դուրս չեն բերել, ապա առնվազն նվազեցրել են։