Քաղաքական

«Ստեղծել ենք սահմանազատման բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա գործընթացի համար». վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Տավուշում սահմանազատման գործընթացի մանրամասներին։

Նրա խոսքով, Բերքաբերում խնդիր չկար, Բաղանիսում էին հնարավոր խնդիրներ, բայց պարզվեց, որ այնտեղ էլ խնդիրներ չկան. «Ոսկեպարում եկեղեցու առումով խնդիրներ չունեցանք, որովհետև, եթե չեմ սխալվում, բավականին մեծ տարածություն կա եկեղեցու և սահմանի միջև»,- ասել է նա։ Ըստ Փաշինյանի՝  որոշակի խնդիրներ կան Կիրանցի հատվածում․ «Որդեգրել ենք սկզբունք, որ սահմանը անցնում է այն տեղով, որտեղով անցնում է»։

Նա կարևորել է իրավական հիմքերի արձանագրումը՝ շեշտելով, որ դա գործուն է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանի բոլոր տեղամասերի ու հատվածների համար. «Սա կարևորագույն շարժառիթներից մեկն է մեզ համար, որ համաձայնվել ենք այս սկզբունքը որդեգրել։ Մենք հաշվի ենք առել, որ ստեղծում ենք ոչ միայն նախադեպ, այլև բանաձև, որը պետք է գործի սահմանազատման հետագա գործընթացի համար»։

Ըստ վարչապետի, այնտեղ, որտեղ կողմերը կհամարեն, որ որոշակի կոմպրոմիսների անհրաժեշտություն կա, երկրներն իրենց օրենսդրությունների շրջանակում կքննարկեն։ 

«Ձևավորվել և հաստատվել է սկզբունք, որը գործելու է ՀՀ–Ադրբեջան ամբողջ երկայնքով, և ամբողջ երկայնքով մենք գնալու ենք ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանը վերարտադրելու ճանապարհով»։ Ըստ նրա, եթե խնդիրներ ծագեն, կառավարությունը դրանք կլուծի։