Քաղաքական

«Դժբախտաբար, ոչ». Գալստանյանը՝ նախկին նախագահների հետ հանդիպման մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնել է, թե քաղաքական դաշտի որ ուժերի հետ է հանդիպել, և որոնք են իրեն սատարում։

«Աջակցում է բավական ծանրակշիռ մասը»,- ասել է նա՝ թվարկելով նաև քաղաքական ուժերի անունները․ «Խորհրդարանական խմբակցություններ՝ իրենց կուսակցություններով։ Մի ուժի անուն այս պահին իրավասություն չունեմ հանրահռչակելու, երևի իրենք կասեն շատ շուտով։ Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին։ «Ապրելու երկիր» կուսակցությանն եմ հանդիպել, «Հայաքվե» նախաձեռնության անդամներին եմ հանդիպել, եզդիական համայնքին եմ հանդիպել, «Լուսավոր Հայաստանին» եմ հանդիպել։ Գրեթե բոլորի հետ հանդիպել ենք»,- ասել է նա։

Հարցին՝ այդ թվում Գագիկ Ծառուկյանի և նրա ղեկավարած ԲՀԿ-ի՞ հետ, Գալստանյանը պատասխանել է.  «Բոլորի հետ հանդիպել ենք․ որտեղ, ինչ անուն, կուսակցություն, իրավասություն չեմ ստանձնել արտահայտելու՝ ձեր հետաքրքրությունների բաժնում թող մնա»։

Հարցին՝ պաշտոնաթող նախագահների հետ հանդիպե՞լ է, Գալստանյանն ասել է. «Ոչ, դժբախտաբար ոչ։ Նախկին վարչապետների հետ եմ հանդիպել՝ Խոսրով Հարությունյանին, Վազգեն Մանուկյանին, Հրանտ Բագրատյանին»։

Նա ասել է, թե հանդիպումների հսկայական շարք ունի. «Ովքեր որոշակի իմաստով գաղափարաբանություն ունեն, ուղղվածություն ունեն հասարակական քաղաքական կյանքում, նույնիսկ մեկ միլիմետր դիրք են զբաղեցնում, պետք է տեսնել նրանց»։