Քաղաքական

Կարևորվել է Հայաստանի` Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին հանդիպել է Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարիան Քերիին: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ պատգամավորներ Հասմիկ Հակոբյանն ու Թագուհի Ղազարյանը: Հանդիպմանը ներկա էր նաև Սլովակիայի Ազգային խորհրդի կրթության, գիտության, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնաժողովի անդամ Դուշան Գալիսը:

Հանդիպմանը Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Սլովակիան Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է Եվրոպայում, և Հայաստանը խորապես շահագրգռված է ընդլայնել համագործակցությունը Սլովակիայի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ Եվրոպական Միության հետ հարաբերությունների շրջանակում:

ԱԺ փոխխոսնակը բարձր է գնահատել Սլովակիայի Ազգային խորհրդի` 2004 թվականին Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը, ինչպես նաև նշանավորել Մարիան Քերիի անձնական ներդրումը՝ Սլովակիայի խորհրդարանում 2020 և 2021 թվականներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ երկու բանաձևերի ընդունման գործում:

Հակոբ Արշակյանը, անդրադառնալով  տարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին, հանգամանալից ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև սահմանազատման գործընթացում վերջին զարգացումները՝ հստակ կարևորելով տարածքային ամբողջականության սկզբունքն ու 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հանձնառությունը:

Անդրադառնալով Հարավային Կովկասում կայուն տնտեսական զարգացման հեռանկարներին՝ ԱԺ նախագահի տեղակալը շեշտել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցում ՀՀ շահագրգռվածությունը և ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչմամբ ընձեռվող հնարավորությունները՝ ընդգծելով, որ ծրագրի հիմքում դրված են ինքնիշխանության, ազգային իրավազորության, փոխադարձության և հավասարության առանցքային սկզբունքները: Հակոբ Արշակյանը կարևորել է նաև Սլովակիայի դերը Հայաստանի սահմանին ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության տեղակայման հարցում:

Մարիան Քերին ողջունել է ՀՀ ԱԺ պատվիրակության այցը Սլովակիա և գոհունակությամբ արձանագրել Հայաստանի և Սլովակիայի միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան: Նա աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և վստահության ամրապնդման գործընթացին:

Սլովակիայի Ազգային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը կարևորել է խորհրդարանականների ջերմ աշխատանքային մթնոլորտն ու սերտ համագործակցությունը, ինչպես նաև Հայաստանի` Եվրամիության հետ վիզաների ազատականացման հարցը և աջակցության պատրաստակամություն հայտնել: