ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Կոպենհագենի ժողովրդավարության գագաթնաժողով»-ին։
Նա անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նշելով. «Սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և իմ միջև քառակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության իրականացումն է։ Դա տեղի ունեցավ Պրահայում։ Այժմ ժամանակն այդ համաձայնությունները ներառել և արտացոլել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն»:
Վարչապետն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Մեր տարածաշրջանային կայունության համար մեկ այլ առանցքային կետ է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը նախաձեռնել է իմ կառավարությունը: Այս նախագիծը ենթադրում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը վերականգնում և բացում են տրանսպորտային և այլ հաղորդակցությունները՝ այն երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո, որոնցով դրանք անցնում են և համապատասխանում են հավասարության և փոխադարձություն սկզբունքներին»։
Ըստ Փաշինյանի՝ հայեցակարգի այս տարրերը համաձայնեցվել են 2023 թվականի հուլիսի 15-ին Ադրբեջանի նախագահի և իր հանդիպման ժամանակ, որին օժանդակել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և արտացոլված են հանդիպման արդյունքում նախագահ Միշելի կողմից արված հրապարակային հայտարարության մեջ. «Մենք պատրաստ ենք շարժվել ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Ուզում եմ շեշտել, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար ռազմավարություն է: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, մենք ապրում ենք ժողովրդավարության մեջ»։