Քաղաքական

«Բագրատ սրբազանը իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ». Ղալումյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը լրագրողների հետ ճեպազրույցում հարցին՝ ՔՊ խմբակցությունում ի՞նչ տրամադրություններ կան ակցիաների և վարչապետին իմպիչմենտ հայտնելու հայտարարությունների հետ կապված, ասել է, որ այդ խոսակցությունները ծիծաղելի են․

«Զարմանում եմ, որ այդ հարցն առաջացել է, որովհետև իմպիչմենտի օրակարգ չկա, հենց հանրահավաքի մարդաշատության պակասելը խոսում է դրա մասին: Հանրահավաքի քանակից ու մարդկանց տրամադրվածությունից տեսնում եմ, որ մարում է այդ շարժումը: Հետո, այդ մարդիկ առաջին օրը եկել էին, որ հրապարակում սահմանազատման ու սահմանագծման մասին տեղեկություն իմանան, բայց այդ բառն անգամ հարթակից չհնչեց. լսե՞լ եք»,- ասել է պատգամավորը:

Ղալումյանի խոսքով՝ ակցիայի շեշտադրումը ոչ թե սահմանազատման ու սահմանագծման պրոցեսն է, այլ հարցն ընդամենը պատրվակ է իշխանությանը անվստահության հայտնելու համար:

Հարցին՝ պատգամավորը պատրաստվու՞մ է սուրճ խմել Գալստանյանի հետ, նա ասել է. «Ես Բագրատ սրբազանի հետ սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, մենք բավական մտերիմ հարաբերություններ ենք ունեցել, բայց վերջերս այդ հարաբերությունները սառել են: Բագրատ սրբազանը իր հիմնական գործը թողել, ուզում է զբաղվել քաղաքականությամբ ու, իմ կարծիքով, անհաջող մեկնարկ է արել»։