Քաղաքական

«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ սահմանային հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները համաձայնվել են սկսել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի՝ 1991թ. հռչակագիրը, և աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ողջունել են այս երկկողմ համաձայնությունը։

Միրզոյանն անդրադարձել է նաև դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին։ Ըստ նախարարի՝ ինքը շարունակաբար ջանքեր է գործադրում՝ չներքաշվելու ներքաղաքական գործընթացների մեջ. «Ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի բարեկրթության սահմանները, բայց ուղղակի հիմա մի երկու չոր փաստ չարձանագրել չեմ կարող։ Ձեր նշած «փորձառու» դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացիորեն այն օրերին, երբ երկրի սուվերեն տարածքի վրա տեղր էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց, նրանց դիրքորոշումների նկատմամ, չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է. ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են, վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա, բայց ականահարել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի թելադրանքով»։