Լիտվայի Հանրապետությունն ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ կոմունիկացիաների բացման համատեքստում բազմիցս կիսվել է իր փորձով, որն ունի Ռուսաստանի Դաշնության հետ՝ Կալինինգրադի մարզի տարանցման սխեմայի շրջանակներում. «Արմենպրես»-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը՝ նկատելով, որ աշխարհագրական առումով Լիտվան և Հայաստանը նմանություններ ունեն։
Համեմատական անցկացնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների հնարավոր բացման և այդ նույն համատեքստում Լիտվա- Ռուսաստանի Դաշնություն արդեն իսկ գոյություն ունեցող փորձի միջև՝ դեսպանը, մասնավորապես, նշել է.
«Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադի մարզը, ինչպես և Ադրբեջանի Նախիջևանի մարզը, էքսկլավ է, որի համար կարևոր է հաղորդակցությունը երկրի հիմնական տարածքի հետ: ԵՄ-ին Լիտվայի անդամակցությունը վճռորոշ դեր խաղաց նաև այս ոլորտում։ ԵՄ-ն, Լիտվան և Ռուսաստանը համաձայնեցրել են այսպես կոչված Կալինինգրադի տարանցման սխեման, և այժմ, նույնիսկ Ուկրաինայում ռուսական պատերազմի պայմաններում, մայրցամաքային Ռուսաստանի և Կալինինգրադի շրջանի բնակիչներն անցնում են Լիտվայի տարածքով»,- ասել է դեսպանն՝ ընդգծելով Եվրոպական միության դերը ՌԴ-ի հետ ձեռք բերված համաձայնության գործում:
Դեսպան Պուլոկասն ընդգծել է, որ այդ կոմունիկացիայի օգտագործման հարցում կողմերին հաջողվել է համաձայնեցնել երկու հիմնական կարևոր բաղադրիչ՝ Լիտվայի լիակատար վերահսկողությունը իր տարածքում և ճանապարհորդների համար առավելագույն հարմարավետությունը տարանցման ժամանակ՝ առանց ավելորդ խոչընդոտների։
«Կարծում եմ, որ այս, այսպես կոչված, պարզեցված տարանցիկ մոդելի որոշ տարրեր կարող են օգտակար լինել Հայաստանում մարդկանց տեղաշարժը կարգավորելու համար։ Ի վերջո, սա եվրոպական փորձն է և հաջողության մոդելը»,- մանրամասնել է դեսպանը՝ հայտնելով, որ Լիտվան բազմիցս կիսվել է իր այդ փորձով ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: