Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են Խորհրդարանական համաշխարհային ֆորումին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 16-ին Վաշինգտոնում գործընկերոջս՝ Տաթևիկ Գասպարյանի հետ մասնակցել եմ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) խմբի 2024 թվականի գարնանային հանդիպումների շրջանակում (#WBGMeetings) Խորհրդարանական համաշխարհային ֆորումին (#Parliamentary Global Forum): 

Ֆորումը հիանալի հնարավորություն է ԱՄՀ-ի և ՀԲ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին և ամբողջ աշխարհի խորհրդարանականներին հանդիպելու և մարտահրավերների մասին բարձրաձայնելու, դրանց լուծումներ փնտրելու, ինչպես նաև գիտելիքներով և զարգացման լավագույն փորձով կիսվելու համար։ 

Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային ռազմավարություններ» պանելային քննարկումը, որտեղ բացման խոսքով հանդես է եկել Ուրուգվայի փոխնախագահ Բեատրիզ Արխիմոնը։ Նա ընդգծել է կին քաղաքական գործիչների դերը կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում թիրախային ռազմավարություններ մշակելու, կանանց տնտեսական անկախության համար պայքարելու և ընտանեկան բռնությունից զերծ հասարակություններ կերտելու գործում։

Պանելային քննարկման բանախոսների թվում էին նաև Իսպանիայի սենատոր Էսթեր Դելբիոն, Համաշխարհային բանկի գենդերային հարցերով տնօրեն Հանա Բրիքսին, Եգիպտոսի խորհրդարանի պատգամավոր Սահար Ալբազարը»։