Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հայաստան այցի ժամանակ հայտարարել է, թե Հայաստանի հետ երկկողմ կապերի ակտիվացումը համատեղ նպատակ է. «Մեր նպատակները և շահերը ռեգիոնալ և միջազգային խաղաղության, անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են»,-ասել է նա՝ հիշեցնելով, որ այս տարի լրանում է Ղազախստանի ու Հայաստանի միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի 25-ամյակը։
Ըստ Ղազախստանի նախագահի՝ Հայաստանը Հարավային Կովկասում կարևոր և վստահելի գործընկեր է․ «Մեր երկրների հարաբերությունների զարգացման ներուժը լիարժեք չի օգտագործվել: Պետք է նոր ուղղություններ փնտրենք, որոնք նոր իմպուլս կհաղորդեն առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը»,- ասել է նա՝ հավելելով, որ Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին։
Տոկաևը նաև նշել է, որ Ղազախստանում կանցկացվեն հայ մշակույթի օրեր. «Հրավիրել եմ հայ մարզիկներին՝ մասնակցելու 5-րդ քոչվորական խաղերին, որ կանցկացվեն Ղազախստանում՝ այս տարվա սեպտեմբերին»։