ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է իր հայտարարությանը, թե ՀՀ վարչապետը նպատակ ունի առարկայական դարձնել ցեղասպանության ենթարկվածների անվանական ցանկը։
«Նպատակը պարզ է․ որ իմանանք մեր 1.5 մլն հայրենակիցներից ամեն մեկի հասցեները, տեղերը»,- ասել է նա։ Ըստ Քոչարյանի, կարող է պարզվել՝ զոհերի թիվը 1.5 մլն-ից ավելի շատ կամ ավելի քիչ է. «Ինչո՞ւ մեր երկիրը մինչև հիմա այդ խնդիրը չի հասցեականացրել։ Հրեաներին դա հաջողվել է, մեզ չի՞ հաջողվում։ Դա կարևոր է ապագայում մեր հարաբերությունների կառուցման համար»,- ասել է նա։
Քոչարյանի խոսքով, Ցեղասպանության թանգարանում, նկարներից բացի, պետք է լինի նահատակվածների անուն-ազգանունները. «Եթե չենք արել, թերացել ենք, այդ խնդիրը պետք է ունենա սկիզբ և ավարտ»։
Ըստ նրա, եթե դա չարձանագրվի, հակառակ կողմը միշտ կարող է ասել, որ նման բան չի եղել. «Այլ նպատակ, բացի ազնիվ մղումները, գոյություն չունի»։