«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ապրիլի 16-ին ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի՝ ՔՊ անդամ, Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղապահ, ազգությամբ եզդի Ռուստամ Բաքոյանի հեղինակած նախագծի համար։ Նա առաջարկում է «ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարել՝ օգոստոսի 3-ը նշելով որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Չնայած օրենքով դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման օր, սակայն հեղինակն առաջարկում է եզդիների համար առանձին օր սահմանել, քանի որ․
«Հայ ժողովրդի հետ դարեր շարունակ ապրող եզդի ազգի նկատմամբ 2014թ. «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից կատարված ցեղասպանության դրսեւորումը որպես առանձին հիշատակի օր նշելը եւ այն առանձնացնելը՝ հայ ժողովրդի հետ համատեղ համընդհանուր թշնամու դեմ պայքար մղած ՀՀ ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եզդիների նկատմամբ համերաշխության լրացուցիչ դրսեւորում է, որը կունենա կանխարգելիչ եւ դատապարտող նշանակություն»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: